2. Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
Վերջացա՜վ…
Կյանքս
մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը
ցավ:
3. Ատում եմ քաղաքը` դատարկ ու շքեղ,
Ծանր է գալիս ինձ` երկիրը ավեր,
Տխուր ու դժար` բնությունը մեծ,
Էլ ու՞ր մնամ ես սիրտս էլ ավեր…
ՍԻ՛ՐՏ
Դու գիտես մենակ ճամփեն երկնքի,
Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,
Դու գիտես ամենն ամենից առաջ,
Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:
4. Կյանքն ահա.-
Սնունդ, ծնունդ մինչև մահ.
Մնացածը ողջ նրանց
Կամ հաճույքն են և կամ ահ:
Հանգել են,
Կրակներս հանգել են,
Ցուրտ ու խավար էս գիշեր
Ճրագներս հանգել են:
5. Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ
ես ձևանում.
Ու չես ասում` մեզնից քեզ հետ ինչ գանձեր ես
դուրս տանում:
Ինչ սիրող սիրտ, մարգրիտ վշտեր ու ինչ
գոհար երազներ…
Թե իմանան` քեզ կբռնեն մեր աշխարհքի
սահմանում:
6. Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:
7. Դու մի անհայտ Բանաստեղծ ես`
չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում
հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող
եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ
ու էսքան խոր:
Մեռա՜ն, մեռա՜ն.. Եվ ահա,
Խառնվել են կյանք ու մահ.
Չեմ հասկանում աշխարհքի
“Կան ու չկան” ես հիմա: